News365.am

«Սերժ Սարգսյանը չեզոքացնում է առասպելական Սաշիկ Սարգսյանի կերպարի մտայնությունը»

«Սերժ Սարգսյանը չեզոքացնում է առասպելական Սաշիկ Սարգսյանի կերպարի մտայնությունը»
09 Նոյեմբեր
08:30 2016

«Lragir.am» կայքի զրուցակիցն է քաղաքական մեկնաբան Լևոն Մարգարյանը.

 

Լևոն, արագաչափերից, կարմիր գծերից գոյացող եկամուտը պետական կառավարման տակ մտցնելով, էլէներգիայի և գազի սակագինը նվազեցնելով ինչ խնդիր է լուծում իշխանությունը:

Մի քանի բան են փորձում անել միաժամանակ: Նախ, դրանով փաստացի Սերժ Սարգսյանը չեզոքացնում է հանրային այն մտայնությունը, թե կա ինչ-որ առասպելական Ալեքսանդր Սարգսյան, որն անդրդվելի է: Նա բացահայտ չեզոքացնում է այդ մտայնությունը, և ասում՝ եթե սա էր խոչընդոտը, սա հեռացնում եմ, փորձեք աշխատել: Դրանից հետո, կարմիր գծերից ու արագաչափերից գոյացող եկամուտների ու այդ բիզնեսների «պետականացման» գործընթացը կախվում է օդում: Նախագահը հանձնարարում է վարչապետին, վարչապետը` ոստիկանապետին: Պատասխանատվությունը ոչ ոք չի ցանկանում վերցնել`շատ լավ հասկանալով, որ որևէ էական ներդրում այստեղից հնարավոր չի լինի բերել: Այո, ինչպես սոցիալական փաթեթով ապահովագրության դեպքում եղավ, մասնավորից դա անցավ առողջապահության համակարգին և փողի շրջանառությունը մնաց ներսում, բայց դրանից ոչ ծառայության որակը լավացավ, ոչ էլ բյուջեն ավելացավ: Առավելագույնը, որ կկարողանա անել իշխանությունը, վերցնելով այդ բիզնեսը մասնավորից՝ ապահովվել ավելի լավ ծառայություններ: Նախընտրական շրջանում սա կարող է որոշակի բոնուսներ բերել իշխանությանը:
Գազի սակագնի մասով. կարծում եմ` սակագնի նվազեցումն այնքան չնչին է, որ էական հարց այն չի կարող լուծել: Գազի հետ կապված ավելի կարևոր խնդիրներ կան: Մեկը Իրանի հետ կապված: Իրանը, առավելապես հիմա, երբ բացվել է աշխարհի առաջ, կարող է Հայաստանին էժան գազ մատակարարել: Հայաստանի միջոցով Վրաստանին գազ արդեն մատակարարվում է, և առաջիկայում Իրանի նախագահի այցի շրջանակներում, կարծում եմ` այս խնդիրը կդրվի օրակարգում: Պիտի հետևենք, թե մեր իշխանությունը, որ ցանկություն է հայտնում գազի հարց լուծել, ինչպես կարձագանքի սրան: Երկրորդը Գազպրոմի կորուստներին է վերաբերում: Այդ հարցը ԱԺ-ում բարձրաձայնվեց Նիկոլ Փաշինյանի կողմից, բայց դրա հետևողական քննարկում չեղավ: Հայաստանում այդ կորուստները նորմատիվը գերազանցում են, և կորուստներում կոռուպցիոն ռիսկերը գնահատվում են ահռելի գումարներ, որոնք թե տնտեսական, թե քաղաքական կապիտալի առումով բավական մեծ ռեսուրս են:

Ինչպե՞ս եք գնահատում նորանշանակ նախարարների աշխատանքը, խոստումները, որ պայքարելու են ստվերի, կոռուպցիայի դեմ և այլն: Որքա՞ն ժամանակ է առհասարակ հարկավոր կատարած աշխատանքի արդյունքները գնահատելու համար:

Խոստումերը լավ բան են: Մանավանդ հիմա, երբ սպասելիքները շատ են: Խնդիրն այն է, որ խոստումները չտրվեն սպասելիքներին համահունչ, այլ ներդաշնակ լինեն հնարավորությունների հետ: Սովորաբար առաջին ժամանակահատվածը, որով չափում են արդյունավետությունը, առաջին 100 օրն են: Դեռևս ժամանակ կա այդ 100 օրվան: Ստվերն ու կոռուպցիան էական ազդեցություն չեն կարող ունենալ ՀՆԱ աճի վրա։ Միակ ռեալ արդյունքը կլինի ներդրում բերելը, ինչը բավական դժվար հարց է և դեռևս արդյունք չկա: Շատ դեպքերում ստվերն ու կոռուպցիան ինքնին ՀՆԱ են ապահովում: Երբ դրանք կրճատում ես, փոխարենը պիտի ահռելի ներդրումներ բերես ու բաց գոտիները ներարկես այդ գումարներով: Ներդրումների մասով տարբեր խոսակցություններ կան, բայց դրանք պաշտոնական չեն: Շատ է խոսվում Սամվել Կարապետյանի կողմից հնարավոր ներդրումների, ընդհանրապես ռուսական կապիտալի ներդրումների մասին: Բայց կրկին ոչ պաշտոնական մակարդակով: Ընդհանրապես, ռուսական տնտեսությունն այն վիճակում չէ, որ այսօր կարողանա գումարների նման արտահոսք ապահովել և այնքան ներդրումներ անել Հայաստանում, որոնք կհամապատասխանեն այստեղ տրվող խոստումներին և սպասելիքներին:

Հանրապետական կանանց Սերժ Սարգսյանն ասել է՝ առաջիկա 2-3 տարիները փոփոխությունների առումով լինելու են բեկումնային, մինչ այդ էլ ասել էր, որ այս կառավարությունը տարբերվելու է նախորդներից: Արդյոք փոփոխությունների առումով հնարավո՞ր է բեկում:

Նախ ասեմ, որ չնայած ֆեյսբուքում համաժողովը և դրա էսթետիկական կողմը հեգնանքի ենթարկվեց, բայց այն, ըստ էության, լուրջ ռեսուրս է: Բազմաթիվ կանայք կրթական համակարգում, մարզային կառույցներում հանրապետականներ են: Կուսակցական պատասխանատվության առումով կանայք ավելի պարտաճանաչ են: Բացի այդ, նրանք կարող են փակել գոտիներ, որոնք հաճախ տղամարդկանց համար թվում են անկարևոր կամ փոքր:
Ինչ վերաբերում է փոփոխություններին: Խորքային փոփոխություններ ես չեմ սպասում, որովհետև միայն կամքն ու ցանկությունը քիչ են: Կան գործընթացներ ներսում և դրսում, որոնք պիտի նպաստավոր լինեն այդ փոփոխությունների իրականացման համար: Իսկ դրանք քաղաքական խնդիրներ են, հետո նոր մենեջմենթի ու կառավարման արդյունավետության հետ կապված: Հայ-թուրքական հարաբերություններ, ղարաբաղյան կոնֆլիկտ, ռուս-ամերիկյան հակադրություն, աբխազական երկաթուղի. սրանք հարցեր են, որոնք միայն որակյալ և թափանցիկ մենեջմենթով դժվար կլինի լուծել: Քաղաքական մոտեցում է պետք, որին ՀՀ պատմության ընթացքում ականատես եղել ենք միայն անկախության առաջին տարիներին: Բայց ինչպես տեսանք, այդ քաղաքական մոտեցումը քաղաքական վերնախավի երկրորդ և երրորդ էշելոնների, հանրության կողմից չընդունվեց, չընկալվեց և արդեն քոչարյանական շրջանից սկսած, մեր օրակարգում միշտ ներքին խնդիրները ներքին ձևերով լուծելու մասին քննարկումներ են: Քաղաքական գործընթացների վրա ազդելու և սեփական կեցվածքը թելադրելու դիրքորոշումը տեղը զիջեց այդ գործընթացների արանքում մանևրելու, ճկվելու դիրքորոշմանը:

ԼՂ կատարած այցի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը ասել է լրագրողներին, որ միշտ անկեղծ է իր հայտարարություններում և երբեք սուտ չի խոսում և որ չի երազել վարչապետ դառնալ, բայց մտահոգ է մեր տնտեսության ներկայով: Արդյոք կարո՞ղ է նա իսկապես արդյունավետ կառավարում իրականացնել՝ իշխանության կամքին հակառակ գործելով:

Իշխանության կամքին հակառակ՝ չի կարող, սակայն բանն այն է, որ մի կողմից առջևում խորհրդարանական ընտրություններ են, մյուս կողմից, իշխանությունն ինքը գիտակցում է, որ նույն ձևով չի կարող այլևս շարժվել: Կարապետյանի կառավարությունը, անկախ ներիշխանական որոշ հակասություններից, պետք է ՀՀԿ հետ հանդես գա մեկ թիմով: Ընտրություններից առաջ երկփեղկված կուսակցությունը չի կարող որևէ բան շահել: Պիտի ներկայանալ որպես մեկ միասնական թիմ: Եվ այս իմաստով կարծում եմ, որ այս խնդրի հանգուցալուծման բանաձևն արդեն կա, այն արդեն շրջանառվում է՝ Կարեն Կարապետյանի ՀՀԿ մտնելը և ՀՀԿ-ում բարձր դիրք զբաղեցնելը կլինի: Սրանով նոր ու հին գործադիրի, մերոնք և ձերոնքի հակասությունը փորձ կարվի լուծել: Միաժամանակ, կառավարությունը որպեսզի կարողանա աշխատել հայաստանյան պայմաններում, մանավանդ տեղերում, ունենալով հանրապետական վարչապետ, փաստացի ոչ միայն ֆորմալ, այլ դե ֆակտո կկարողանա խոսել, ներկայանալ ՀՀԿ անունից և շատ որոշումներ ավելի արագ իջեցնել ներքև: Այնպես որ, կարծում եմ, չնայած կան նոր կառավարության ու հանրապետական էլիտայի միջև առկա հակադրությունների որոշակի մտայնություններ, բայց հատկապես նախընտրական շրջանում այդ հակադրությունները չեն արտահայտվի, կմնան ներսում, և փորձ կարվի ներկայանալ որպես մեկ միասնական թիմ:

Նմանատիպ հոդվածներ

Հասարակություն
🔀Լրահոս