News365.am

Դուք տաքսու վարո՞րդ եք, թե՞ ոստիկան. դատավորը` Մանսուրյանների կացնահարության գործով վկա ոստիկանին

Դուք տաքսու վարո՞րդ եք, թե՞ ոստիկան. դատավորը` Մանսուրյանների կացնահարության գործով վկա ոստիկանին
20 Հունիս
16:57 2017
loading...

Նախկին կնոջը, աներոջն ու զոքանչին կացնահարելու գործով նիստին Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հունիսի 20-ին, ցուցմունք տվեց դեպքի օրը ծառայության մեջ գտնվող ոստիկան  Արսեն Մխոյանը: Նա նշեց, որ դատավարության կողմերից  ոչ մեկին չի ճանաչում: Նրա խոսքով, դեպքի օրը` ցերեկը, ծառայություն են իրականացրել Երեւանյան լճի հատվածում, բաժնից զանգահարել են, ասել, որպեսզի ոստիկանության բաժին մոտենան եւ ոստիկանության բաժանմունքում գտնվող երկու քաղաքացիներին ուղեկցեն նրանց բնակության վայր:

«Կանգնեցինք շենքի մոտ, դուռը բացեցին իջան, ասեցին` շնորհակալություն, բարի գիշեր: Մենք ոչ մեկին չենք նկատելշենքի մոտ իրենց սպասելիս, արտառոց մեքենա չենք նկատել: Մեքենայից իջան գնացին, մենք էլ շարժվեցինք մեքենայով, որ շրջադարձ կատարենք, հետո ձայներ լսեցինք: Ղժժոց լսեցինք, մոտեցանք, տեսնենք, թե ինչ է կատարվու, տեսանք, որ կինն ընկել է արյան մեջ, մյուսները էլի արյունոտ էին: Տեսանք մուտքի մոտ, որ  մոտ 50 տարեկան մի  մարդ հրելով դուրս է հանում Վլադիկ Մարտիրոսյանին, նա ինչ-որ արտահայտություններ էր անում` թողնեիք նրան էլ սպանեի»,-պատմեց նա:

Գործով տուժողներ Թագուհի եւ Վաչագան Մանսուրյանների ներկայացուցիչ Զարուհի Հայրապետյանի հարցին` արդյոք կանայք խնդրել են, որպեսզի ոստիկաններն ուղեկցեն նրանց, վկա ոստիկանը պատասխանեց` «ոչ»: Սակայն, Թագուհի Մանսուրյանը նշեց, որ իր մայրն ու ինքը ոստիկանական մեքենայից իջնելուց հետո խնդրել են մեքենայից իջնել, տարածքը ստուգել, սակայն, ոստիկանները մեքենայի մեջ նստած նայել են տարածքը եւ ասել` մարդ չկա, հանգիստ իջեք, որից հետո էլ դժբախտությունը պատահել է: Դատարանի հարցին, եթե հրահանգ են ստացել քաղաքացիներին մինչեւ տուն ուղեկցել, որովհետեւ նրանց վտանգ է սպառնում, ինչու չեն կատարել հրահանգը` «Դուք տաքսու վարորդ եք, թե ոստիկան: Ձեզ Հրահանգ էին տվել քաղաքացիներին  ուղեկցել տուն, որովհետեւ վտանգ է սպառնացել, ոչ թե մուտ է եղել, կամ անձրեւ եկել, ինչու չեք կատարել, ինչու մեքենայիցչեք իջել ուղեկցելու նրանք»:

Վկա ոստիկանը դատարանի հարցին պատասխանեց, որ շենքի մոտակայքում ոչ մի արտառոց բան չեն նկատել «Մեքենայից ավագն իջել է, դուռը բացել է, որ իջնեն: Մեքենայից մինչեւ իրենց շենք էլ մոտ 10 մետր էր: Ամեն ինչ նորմալ էր շենքի տարածքում»:

Նշենք, որ կատարված դժբախտության մեջ Մանսուրյանները մեղադրում են ոստիկաններին, նրանց խոսքով, քրեական գործով ամբաստանյալ Վլադիկ Մանսուրյանի վատ վարքի, գործողությունների վերաբերյալ բազմաթիվ անգամ ահազանգել են ոստիկանություն, սակայն, նրանք անգործություն են ցուցաբերել:

 

2016թ. հուլիսի 8-ին դաժան սպանություն էր տեղի ունեցել Երեւանում, որն ուղեկցվել էր կացնահարությամբ եւ անդամահատությամբ: 31-ամյա Վլադիկ Մարտիրոսյանը կացնահարել էր նախկին կնոջը, զոքանչին ու աներոջ, զոքանչը մահացել էր, կինն ու աները՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Նա ոստիկանությունում ընդունել էր, որ ինքն է կատարել արարքը, ասել էր, որ այդպես է վարվել, քանի որ ամուսնալուծվելուց հետո իրեն թույլ չեն տվել տեսակցել որդուն, որն արդեն 2 տարեկան է:

Նախկինում տղամարդը հայտնվել է դատարանի առջեւ կնոջը ծեծելու համար: Դատարանն ապացուցված էր համարել, որ Վլադիկ Մարտիրոսյանը խոշտանգել է կնոջը, չնայած դրան նա դատապարտվել էր ընդամենը 6 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չէր կիրառվել:

31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 104-րդ եւ 137-րդ հոդվածների 1-ին մասերով: Նա կալանավորված է:

Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

loading...

Նմանատիպ հոդվածներ

Loading...
loading...
Հասարակություն
loading...