News365.am

Վլադիկն ասում էր` չհասցրի երեքին էլ սպանեի. վկա ոստիկան

Վլադիկն ասում էր` չհասցրի երեքին էլ սպանեի. վկա ոստիկան
20 Հունիս
15:24 2017
loading...

Նախկին կնոջը, աներոջն ու զոքանչին կացնահարելու գործով նիստին Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հունիսի 20-ին, ցուցմունք տվեց դեպքի օրը ծառայության մեջ գտնվող ոստիկան  Դավիթ Վարոսյանը: Նա նշեց, որ 2016թ. հուլիսի 8-ին Շենգավիթ վարչական շրջանում գիշերային ծառայություն է իրականացրել գործով մյուս վկա ոստիկան Արսեն Մխոյանի հետ, որից հետո  հրահանգ են ստացել ոստիկանության բաժանմունք գնալ եւ գործով տուժող Թագուհի Մանսուրյանին եւ նրա մորը ուղեկցել տուն:

«Ծառայություն ենք իրականացրել Շենգավիթ վարչական շրջանում, հերթապահը կապնվել է մեզ հետ, ասաց, որ մոտենանք Շեգավիթի ոստիկանության բաժին: Ասաց, որ մայր ու աղջիկ կան, նրանց ուղեկցենք տուն, նստեցին, տարանք իրենց շենքի մոտ: Հասանք, ասացին` կանգնեք, իջնենք: Իջան, ճչոց լսեցինք, տեսանք, որ մի տղամարդ շքամուտքից մեկ ուրիշին հրելով հանում է դուրս: Նկատեցինք, որ արյուն կա, ներսում տեսանք արյան մեջ ընկած: Վլադիկն ասում էր` չհասցրի երեքին էլ սպանեի, բռնեցինք, նստեցրին մեքենան, հետո շտապօգնույթուն կանչեցինք»,-պատմեց վկան:

Դավիթ Վարոսյանը եւս նշեց, որ Թագուհի եւ Կարինե Մանսուրյանները մեքենայից իջնելուց հետո իրենց չեն խնդրել ուղեկցել մինչեւ բնակարան, ինքն էլ իջել է մեքենայից, դուռը բացել, որ նրանք իջնեն, հետո նստել է մեքենա:

Դատարանը վկային հարց ուղղեց` ինչու Մանսուրյաններին տուն չեն ուղեկեցել, ոստիկանը պատասխանեց` «Հերթապահը մեզ ասաց` իրենց տարեք տուն: Ես ինչ-որ տագնապալից բան չեմ նկատել, որ, մինչեւ բնակարն հասցնեին»,-արդարացավ վկա ոստիկանը: 

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 19-ին:

Նշենք, որ կատարված դժբախտության մեջ Մանսուրյանները մեղադրում են ոստիկաններին, նրանց խոսքով, քրեական գործով ամբաստանյալ Վլադիկ Մանսուրյանի վատ վարքի, գործողությունների վերաբերյալ բազմաթիվ անգամ ահազանգել են ոստիկանություն, սակայն, նրանք անգործություն են ցուցաբերել:

2016թ. հուլիսի 8-ին դաժան սպանություն էր տեղի ունեցել Երեւանում, որն ուղեկցվել էր կացնահարությամբ եւ անդամահատությամբ: 31-ամյա Վլադիկ Մարտիրոսյանը կացնահարել էր նախկին կնոջը, զոքանչին ու աներոջ, զոքանչը մահացել էր, կինն ու աները՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Նա ոստիկանությունում ընդունել էր, որ ինքն է կատարել արարքը, ասել էր, որ այդպես է վարվել, քանի որ ամուսնալուծվելուց հետո իրեն թույլ չեն տվել տեսակցել որդուն, որն արդեն 2 տարեկան է:

Նախկինում տղամարդը հայտնվել է դատարանի առջեւ կնոջը ծեծելու համար: Դատարանն ապացուցված էր համարել, որ Վլադիկ Մարտիրոսյանը խոշտանգել է կնոջը, չնայած դրան նա դատապարտվել էր ընդամենը 6 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չէր կիրառվել:

31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 104-րդ եւ 137-րդ հոդվածների 1-ին մասերով: Նա կալանավորված է:

Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

loading...

Նմանատիպ հոդվածներ

Loading...
loading...
Հասարակություն
loading...