News365.am

«2017-ին Ղարաբաղի գոտում ռազմական գործողությունների վերսկսման վտանգ կդիտվի»

«2017-ին Ղարաբաղի գոտում ռազմական գործողությունների վերսկսման վտանգ կդիտվի»
06 Հունվար
12:49 2017

«Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ ԼՂ հակամարտության գոտում երկարատև բախումներ չեն կարող լինել, քանի որ հակամարտող կողմերն այդ ներուժը չունեն»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ, ռուսական «Վալդայ» ակումբի անդամ Ալեքսանդր Ռարը՝ խոսելով 2017 թվականին Ղարաբաղյան հակամարտության գոտում սպասվող զարգացումների մասին։

Նա նշեց, որ անցնող տարվա ընթացքում ապրիլյան պատերազմից հետո ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունները մտան փակուղի։

«Կանխատեսումներ անելը բարդ է այն դեպքում, երբ կողմերը չեն ցանկանում բանակցել, մերժում են միջնորդները ջանքերը և պատրաստվում պատերազմի։ Այս պայմաններում կրկին բարձր է ռազմական գործողությունների վերսկսման վտանգը։ Սակայն ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ երկարատև բախումներ չեն կարող լինել, քանի որ հակամարտող կողմերն այդ ներուժը չունեն։

Բացի դա, ապրիլյան պատերազմից հետո մի շարք հանգամանքներ են փոխվել։ Հայաստանը վերազինվել է հզոր զենքերով, Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների ֆոնն է փոխվել, վստահաբար սա իր նշանակությունը կունենա»,- նման տեսակետ հայտնեց Ալեքսանդր Ռարը։

Նրա համոզմամբ՝ բանակցային գործընթացը նոր ռիթմ կթևակոխի, երբ ԱՄՆ-ը նշանակի իր նոր համանախագահին։ Ռարի կարծիքով՝ բանակցային ձևաչափի վերականգնմանը կհաջորդեն նախարարական և նախագահական հանդիպումներ կազմակերպելու շուտափույթ ջանքերը։

Հարցին, թե ի՞նչ կարելի է ակնկալել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմի քաղաքականությունից ԼՂ հակամարտության գոտում՝ գերմանացի վերլուծաբանը պատասխանեց, որ Թրամփը նախանշել է շատ ավելի պասիվ արտաքին քաղաքականություն, որը հիմնված կլինի ԱՄՆ ներքին կյանքի կայունացման վրա։

«Սակայն, կարծում եմ՝ ԼՂ հակամարտությունն այն եզակի հարթակներից է, որտեղ ԱՄՆ-ը պահպանում է իր ազդեցությունը՝ մասնակցելով միջնորդական ջանքերին։ ԱՄՆ-ը կպահպանի իր հավասարակշռված մոտեցումները ԼՂ հակամարտության հարցում՝ համագործակցելով մյուս միջնորդների հետ։ Կարծում եմ՝ այստեղ փոփոխություններ չեն լինի»,- պնդեց Ալեքսանդր Ռարը։

Նմանատիպ հոդվածներ

Հասարակություն
🔀Լրահոս