News365.am

Սեյրան Օհանյանը բերում է Ռոբերտ Քոչարյանի օրինակը

Սեյրան Օհանյանը բերում է Ռոբերտ Քոչարյանի օրինակը
27 Դեկտեմբեր
10:49 2016

1in.am

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որը հայտարարեց ակտիվ քաղաքականություն մուտք գործելու և խորհրդարանական ընտրություններին որպես այլընտրանք մասնակցելու մասին, հանդես է եկել ֆեյսբուքյան, ըստ էության, առաջին քաղաքական գրառումով:

Ինչպես հայտնի է, Օհանյանը քաղաքականություն մուտք գործելիս հայտարարեց նաև, որ բացում է ֆեյսբուքյան էջ: Եվ ահա այդ էջում Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ քաղաքականությամբ զբաղվելու առաջնային քայլը պետք է լինի Ղարաբաղի խնդրի վերաբերյալ հստակ դիրքորոշման արտահայտումը, ինչն էլ փորձել է անել իր գրառումով: Թեև Օհանյանը չի տալիս Լևոն Տեր-Պետրոսյանի անունը, այնուհանդերձ՝ նրա հայտարարությունը կարելի է դիտարկել որպես Տեր-Պետրոսյանի՝ օրերս ունեցած համագումարային ելույթի պատասխան, թեև պատասխանն, իհարկե, անմիջականորեն Օհանյանից չէր երևի թե, որ ակնկալում էր Տեր-Պետրոսյանը կամ ուղղում էր իր մեսիջը:

Այնուհանդերձ, Օհանյանը հայտարարում է, որ սխալ է մոտեցումը, թե Հայաստանը չի կարող զարգանալ առանց Ղարաբաղի խնդրի կարգավորման: Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է զարգանա, որպեսզի կարողանա կարգավորել Ղարաբաղի հարցը, մրցակցել Ադրբեջանի հետ թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական և տնտեսական դաշտում՝ ստիպելով, որպեսզի Բաքուն թողնի ռազմատենչությունն ու գնա փոխհամաձայնության:

Սեյրան Օհանյանը այս մոտեցումն առաջ քաշելով՝ անում է նաև բավականին ուշագրավ մի ակնարկ՝ որպես օրինակ, որ Հայաստանը կարող է զարգանալ նաև ներկայիս պայմաններում, և 10 միլիոն հայության ներուժը տալիս է դրա հնարավորությունը: Նա որպես օրինակ բերում է այն, որ չավարտված պատերազմի և չկարգավորված խնդրի պայմաններում Հայաստանը մի քանի տարի շարունակ արձանագրել է երկնիշ տնտեսական աճ: Սա բավականին «թափանցիկ» ակնարկ է Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջանի մասին և, ըստ էության, ինչ-որ առումով նաև բավական թափանցիկ «ռևերանս» Քոչարյանին:

Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ Սեյրան Օհանյանն ակտիվ քաղաքականության մեջ կարող է իբրև ուղենիշ ունենալ հենց այն քաղաքականությունը, որ վարում էր Ռոբերտ Քոչարյանը նախագահի պաշտոնում: Համենայնդեպս, այս իմաստով բավական խոսուն է այն, որ իբրև զարգացման կարողության օրինակ նա բերում է հենց այդ ժամանակաշրջանի արդյունքները՝ այն դեպքում, երբ երկնիշ տնտեսական աճի, այսպես ասած, որակական կողմը մեղմ ասած՝ մասնագիտական քննարկումների և բանավեճերի առարկա է: Առավել ևս, որ այդ երկնիշ տնտեսական աճի ու զարգացման պայմաններում 2008 թվականին պետությունը կանգնեց Մարտի 1-ի փաստի առաջ, երբ երկնիշ աճ ու զարգացում ապահովող իշխանությունը կարողացավ միայն արյան գնով պահել իր դիրքերը հանրային խաղաղ դժգոհությունից:

Այդ իմաստով Սեյրան Օհանյանի օրինակը կա՛մ քաղաքական ակնարկ է գործունեության ուղենիշների իմաստով, կա՛մ գործընթացների որոշակի մակերեսային դիտարկման դրսևորում, ինչն, իհարկե, չի կարող լինել ակտիվ քաղաքականության հանրօգուտ ուղեկից:

Հավանական է նաև, որ Սեյրան Օհանյանի գրառումը նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ գործակցության և դաշինքի դանդաղ կամ զգույշ սկիզբ է, ազդարարում, որի մասին դեռևս մի քանի շաբաթ առաջ արտահայտվել էր նաև հենց Վարդան Օսկանյանը: Հատկապես, որ Վարդան Օսկանյանն էլ իր քաղաքական ակտիվության ընթացքում հաճախակի է օրինակային հղումներ արել Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանի երկնիշ տնտեսական աճի հանգամանքին, որը նախարար եղած տարիներին բնորոշել էր իբրև վագրային թռիչք:

Այդպիսով՝ Սեյրան Օհանյանն իր քաղաքական «թռիչքը» կարծես թե սկսում է «վագրի պոչից» բռնած: Համենայնդեպս, առաջին նուրբ օրինակը բավական խոսուն է: Միաժամանակ հետաքրքրական է, որ Օհանյանը դա սկսում է Ղարաբաղյան խնդրով և առավելապես Լևոն Տեր-Պետրոսյանին հակադրվելով, քանի որ բովանդակային իմաստով Օհանյանի մոտեցումը ավելի շատ ընդդիմադիր կամ այլընտրանքային է հենց Տեր-Պետրոսյանին, քան Սերժ Սարգսյանին:

Նմանատիպ հոդվածներ

Հասարակություն