News365.am

Սերժ Սարգսյանի սենսացիոն ելույթը. Պուտինը դրանից մեկ տարի անց

Սերժ Սարգսյանի սենսացիոն ելույթը. Պուտինը դրանից մեկ տարի անց
27 Դեկտեմբեր
10:25 2016

Հակոբ Բադալյան, «Լրագիր»

Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 26-ի առավոտյան մեկնել է Ռուսաստան` Սանկտ-Պետերբուրգ, որտեղ մասնակցելու է ՀԱՊԿ Վեհաժողովին: Տեղի է ունենալու նաեւ ԵՏՄ Վեհաժողով:
Սերժ Սարգսյանի ռուսաստանյան այցն ու ՀԱՊԿ Վեհաժողովը տեղի է ունենում առանձնահատուկ եւ ինչ որ առումով նաեւ ողբերգական իրավիճակում: Այդ ամենի արմատը փաստացի կարող է դիտվել 2015 թվականը: Մեկ տարի առաջ` դեկտեմբերի 21-ին ՀԱՊԿ Վեհաժողովը եւս տեղի էր ունենում Ռուսաստանում, որտեղ Սերժ Սարգսյանն ունեցավ փաստացի սենսացիոն մի ելույթ, կոշտ քննադատության ենթարկելով ՀԱՊԿ-ն եւ դրանում ներգրավված Հայաստանի այսպես ասած դաշնակիցներին:
«Ամեն անգամ, երբ Ադրբեջանի Զինված ուժերը Հայաստանի Հանրապետության դեմ կիրառում են ավտոմատներ, ականանետեր և հրետանային սարքավորումներ, նրանք կրակում են Աստանայի, Դուշանբեի և Բիշկեկի, Մոսկվայի և Մինսկի ուղղությամբ։ Հիշեցնեմ, որ մենք Կանոնադրության մեջ ունենք համապատասխան հոդված։ Եվ եթե մենք ոչ միայն չենք կիրառում այդ հոդվածը, չենք քննարկում ստեղծված իրավիճակը, հարկ չենք համարում վերցնել լսափողը և հետաքրքրվել՝ ինչ է կատարվում դաշնակից Հայաստանում, և դրա հետ մեկտեղ նաև քվեարկում ենք միմյանց շահերի դեմ միջազգային կազմակերպություններում, երրորդ երկրների հետ ընդունում ենք երկկողմ հայտարարություններ, որոնց տեքստն ուղղված է ՀԱՊԿ դաշնակիցների դեմ, ապա մենք պարզապես այդ կրակոցների տակ ենք դնում մեր ամբողջ Կազմակերպությունը, նրա հեղինակությունը, նրա կարևորությունը», մեկ տարի առաջ Մոսկվայում հայտարարեց Սերժ Սարգսյանը, ինչն աննախադեպ կոշտ, միեւնույն ժամանակ պահանջված ելույթ էր:
Հավանական է, որ այդ համարձակությունը Սերժ Սարգսյանը ստացել էր Սիրիայի եւ Թուրքիայի սահմանին ռուսական ռազմական օդանավի խոցման փաստից, որն առաջ էր բերել ռուս-թուրքական հարաբերության լարում եւ դրանով իսկ զգալիորեն թուլացրել էր Արցախի խնդրի վրա ռուս-թուրք-ադրբեջանական եռյակի ռազմավարական ճնշումը: 2015 թվականի դեկտեմբերի ՀԱՊԿ Վեհաժողովը Մոսկվայում տեղի էր ունենում թուրք-սիրիական սահմանին Ռուսաստանին հասցված օդային հարվածից մեկ ամիս անց:
Իհարկե, ՀԱՊԿ Վեհաժողովում Սերժ Սարգսյանի ունեցած այդ ելույթը կարծես թե չփոխեց այդ կազմակերպության անտարբերությունը Հայաստանի եւ Արցախի անվտանգության խնդիրների հանդեպ: Ավելին, այդ կազմակերպությունը ելույթին հաջորդած մեկ տարվա ընթացքում շարունակեց գործնականում ավելի բացահայտ աջակցել Ադրբեջանին, քան դաշնակից Հայաստանին: Գագաթնակետն ապրիլի պատերազմն էր, երբ ՀԱՊԿ անդամ երկրները անգամ քաղաքական հայտարարության մակարդակով չփորձեցին աջակցություն հայտնել անդամ Հայաստանին:
Ավելին, նրանք հեռախոսը վերցրին ոչ թե Հայաստան` Երեւան, այլ Բաքու զանգահարելու եւ Ալիեւին աջակցություն հայտնելու համար: Դա արեց Բելառուսի նախագահ Լուկաշենկոն, ինչին ի պատասխան Երեւանը ստիպված էր պարզաբանման համար ԱԳՆ հրավիրել Հայաստանում Բելառուսի դեսպանին, որն ի դեպ Հայաստանում իր շատ ջերմ բարեկամներին նվիրում է դիվանագիտական համարանիշով ավտոմեքենաներ:
ՀԱՊԿ մեկ այլ անդամ` Ղազախստանը, հրաժարվեց ապրիլի 8-ին Երեւանում նախատեսված ԵՏՄ վարչապետների հավաքից, որպեսզի չնեղացնի Ադրբեջանին: Իսկ ՀԱՊԿ առաջատար Ռուսաստանն էլ առանց կարկամելու համաձայնեց Ղազախստանի մոտեցմանը: Նիստը Երեւանից տեղափոխվեց Մոսկվա, իսկ ապրիլի 7-ին այդուհանդերձ Երեւան ժամանած ՌԴ վարչապետ Մեդվեդեւը կրկին Բաքվին չնեղացնելու համար ծրագրի մեջ ներառեց Երեւանից հետո այցելություն նաեւ Բաքու, փորձելով ապրիլի պատերազմի թարմ հետքով տալ կարգավորման ռուսական նոր պլանի «ցրցամ», քանի որ ապրիլի պատերազմով կարծես թե վերջնականապես տապալվել էր «կազանյան պլանը»:
Այդպիսով, Սերժ Սարգսյանի մեկամյա վաղեմության սենսացիոն ելույթից հետո այդ կազմակերպությունն իր գործունեությամբ ընդամենը հերթական անգամ «հիմնավորեց» ելույթի անհրաժեշտությունը:
Մեկ տարի անց Սերժ Սարգսյանը կրկին մեկնում է ՀԱՊԿ Վեհաժողով, որը կրկին անց է կացվում աշխարհքաղաքական եւ տարածաշրջանային բավական բարդ իրավիճակում: Վեհաժողովից մի քանի օր առաջ Թուրքիայում ոստիկանը տեսախցիկների առաջ ցինիկաբար գնդակահարել է Թուրքիայում ՌԴ դեսպանին: Իսկ բառացիորեն Վեհաժողովի նախօրեին էլ Սոչիի մերձակայքում ծովն է ընկել ՌԴ պաշտպանության նախարարությանը պատկանող եւ Սիրիա մեկնող օդանավը, որում գտնված 92 անձինք մահացել են: Օդանավով Սիրիա էր մեկնում ռուսական ռազմական համույթը, Սիրիայում գտնվող ռուս զինվորականների Նոր Տարին շնորհավորելու համար:
ՀԱՊԿ Վեհաժողովը անցկացվելու է Ռուսաստանում պետականորեն հայտարարված Սգի պայմաններում:
Դժվար է ասել, դեսպանի սպանությունն ու օդանավի աղետն արդյոք միեւնույն շղթայի օղակ են: Դեսպանի վրա կրակող, իսկ հետո անմիջապես սպանված ոստիկանը հայտարարեց, թե դա անում է Հալեպի համար: Օդանավի աղետի դեպքում դեռեւս չկա որեւէ վարկած, իսկ քննությունը առաջնային չի դիտարկել ահաբեկության վարկածը, թեեւ առայժմ չկան նաեւ դա բացառող ծանրակշիռ փաստեր:
Ներկայում սակայն տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները զգալիորեն նույնական լինելով մեկամյա վաղեմության իրավիճակին, այդուհանդերձ հանգեցրել են ոչ թե ռուս-թուրքական գժտության ու լարվածության, այլ հակառակը` հարաբերության կարգավորման հավաստիացումներին, համենայն դեպս առայժմ:
Մյուս կողմից, սակայն, ռուս-թուրքական հարաբերությունն առերեւյթ գտնվելով կարգավորվման ռեժիմում, ներքին իմաստով ձեռք է բերել շատ ավելի մեծ լարում, քան մեկ տարի առաջ բացահայտ լարվածության պայմաններում: Օրերս մամուլի հերթական մեծ ասուլիսի ընթացքում ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել էր, որ մեկ տարի առաջ երբ ասում էին, որ ռուսական ռազմական օդանավը խոցելու հրամանը Թուրքիայի իշխանության հրամանը չէր, ինքը կասկածում էր, սակայն դեսպանի սպանությունից հետո կասկած չունի, որ ապակայունացնող, սադրիչ տարրեր են ներթափանցած թուրքական իշխանություն:
Դա փաստացի աննախադեպ հայտարարություն է այն մասին, որ Թուրքիայում չկա իշխանություն, որ Էրդողանը Թուրքիայում իշխանություն չէ եւ չի տիրապետում իրավիճակին:
Թերեւս պատահական չէ, որ Պուտինի ասուլիսում հնչած այդ հայտարարությունից անմիջապես հետո Թուրքիայի նախագահը զանգահարել էր Ռուսաստանի նախագահին, թերեւս իր տարակուսանքը հայտնելով այդ հայտարարության կապակցությամբ:
Աներկբա է, որ ռուս-թուրքական հարաբերությունը կարգավորման ռեժիմում է փոխադարձ անվստահության գերբարձր մակարդակի պայմաններում:
Իսկ այդ հարաբերությունն էական նշանակություն ունի թե միջազգային առումով, թե մասնավորապես հետխորհրդային անվտանգության համակարգի: Խնդիրն այն է, որ ՀԱՊԿ կոչվող կառույցը մեծ հաշվով ռուս-թուրքական համաձայնության կառույց է, որտեղ կա երկու բլոկ` ռուսական եւ թուրքական: Գործնականում ռուսական բլոկը կազմում են Ռուսաստանն ու դրա ազդեցության գոտում գտնվող Հայաստանը, թուրքականը` Ղազախստանը, Տաջիկստանն ու Կիրգիզիան, որոնք հետխորհրդային ֆորմատներում Թուրքիայի աչքը, ականջն ու բերանն են:
Բելառուսը ՀԱՊԿ փերեզակն է, որը իրավիճակին վերաբերում է բացառապես առեւտրային տրամաբանությամբ եւ այն կողմում է, որտեղ տվյալ պային զգում է ծանրությունը` հիմնականում քսակի:
Ահա այդ իրավիճակում Սանկ-Պետերբուրգում տեղի է ունենալու ՀԱՊԿ հերթական Վեհաժողովը, որից մի քանի շաբաթ առաջ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել էր, թե քննարկվելու է ՆԱՏՕ-ին հակազդելու ՀԱՊԿ միջոցների հարցը:
Բորդյուժայի հայտարարությունից օրեր անց տեղի ունեցավ դեսպանի սպանությունն ու ռուսական պաշտպանական գերատեսչությանը պատանող օդանավի աղետը: Ինչ որ մեկը կամ ճակատագիրը Ռուսաստանին ստիպեցին ՀԱՊԿ դեկտեմբերյան Վեհաժողովում մտածել այլ սպառնալիքներից պաշտպանվելու մասին, Պուտինին թերեւս «խորհուրդ» տալով Սանկտ-Պետերբուրգում Վեհաժողովը սկսելուց առաջ վերընթերցել մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանի ունեցած ելույթը:

Նմանատիպ հոդվածներ

Հասարակություն