News365.am

Ինչպես կանխվեց Սերժ Սարգսյանի դեմ մահափորձը

Ինչպես կանխվեց Սերժ Սարգսյանի դեմ մահափորձը
27 Դեկտեմբեր
09:48 2016
loading...

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2003 թվականի դեկտեմբերի 25-ի համարում

Սերժ Սարգսյանի դեմ կատարված մահափորձի դատավարության սկսվելն ու ավարտվելը մեկ եղավ: Երեկ այդ գործով երրորդ՝ վերջին նիստն էր, հունվարի 9-ին դատարանը (դատավոր Ռ.Ներսիսյան) կունկնդրի դատական ճառերը:

Ընդամենը 2 նիստում դատարանը հասցրեց լսել վկաներին, հետազոտել ապացույցները, իսկ երեկ հարցաքննվեց ամբաստանյալ Լեւոն Աբրահամյանը: Նախկինում ԱԱՆ աշխատակից, փոխգնդապետ, 1999-ին 8 տարով ազատազրկման դատապարտված եւ 2002-ին ազատված Լ.Աբրահամյանը մեղադրվում է Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ, նրան մեղադրանք է առաջադրվել 35-305 հոդվածով՝ պետական գործչի սպանության նախապատրաստում: 2003-ի ամռանը ծագումով ղարաբաղցի, «Բիլ» մականունով Արայիկ Նարիմանյանը, որը Լ.Աբրահամյանի հետ 2001-ին գաղութում է ընկերացել, իրավապահներին տեղեկացրել է, որ Աբրահամյանը Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ է նախապատրաստում:

Իրավապահ մարմիններն անմիջապես միջոցներ են ձեռնարկել՝ դատարանի որոշմամբ սկսել են հետեւել այս անձանց: Մահափորձի հավանական վայրը Աշտարակի խճուղին էր (ձայնագրություններում Աբրահամյանն ասում է, թե պետք է բենզալցակայանից հեռու անել, որ մարդիկ չտուժեն): Նարիմանյանին հանձնարարվել է շարունակել մասնակցությունը դավադրության նախապատրաստմանը: Եվ երբ բավարար ապացույցներ են հավաքել Լ.Աբրահամյանի դեմ (այդ թվում՝ 2 պայթուցիկ սարքեր), սեպտեմբերի 15-ին նրան ձերբակալել են ու մեղադրանք առաջադրել: Սա՝ ըստ պաշտոնական վարկածի:

Սակայն ամբաստանյալ Լ.Աբրահամյանը պնդում է, որ Նարիմանյանը եւ նրա ընկեր Հրանտ Պապիկյանը՝ Արծրուն Մարգարյանի սպանության գործից հայտնի բժիշկը, գործակալներ են, նրանք աշխատել են Լ.Աբրահամյանի վրա եւ նրան ներքաշելով այս դավադրության մեջ՝ հանձնել իշխանություններին: Դատարան կանչված եւ ցուցմունք տված վկա Նարիմանյանը նախորդ նիստում պատմել է, որ երբ Աբրահամյանն իրեն նման առաջարկ է արել՝ ինքը վախեցել է եւ մտածել, որ գործը կբացվի ու իրեն կմեղադրեն ամենաքիչը իմանալ-չհայտնելու մեջ, ուստի դիմել է օրգանին եւ այդ մասին պատմել Հ. Պապիկյանին: Պապիկյանն իբր այսպես է ներքաշվել գործի մեջ, սակայն ոմանց կարծիքով Պապիկյանի դերն այդքան էլ փոքր չէ, ասում են՝ Նարիմանյանը գործել է նրա անմիջական ղեկավարությամբ:

Ըստ մեղադրական եզրակացության, Լ.Աբրահամյանի նպատակը եղել է պաշտպանության նախարարին վերացնելը (ձայնագրություններում անգամ քննարկվում է նրան փոխարինողի հարցը), իսկ մոտիվը՝ վրեժխնդրությունը նախկին դատվածության համար: Կա նաեւ անուղղակի շարժառիթ՝ Սերժ Սարգսյանից գումար կորզելը, որի մասին նախորդ նիստում ցուցմունք է տվել Նարիմանյանը: Նա ասել է, որ Լ.Աբրահամյանի տվյալներով ժամանակին Սերժ Սարգսյանը «Լուկօյլից»՝ Վագիֆ Ալեքպերովից, 5 մլն դոլար է «քցել», եւ Աբրահամյանը ծրագրել էր այդ գումարը հետ ստանալ, ուստի որոշած է եղել շանտաժով նրանից այդ գումարը կորզել, հակառակ դեպքում՝ պայթուցիկով վերացնել, որ կասկածն ընկնի Ալեքպերովի վրա: Իսկ ի՞նչ է ասում ինքը՝ ամբաստանյալը:

Նրա ցուցմունքում մահափորձի նախաձեռնողները Նարիմանյանն ու Պապիկյանն են, որոնք իրեն ներքաշել են այս պատմության մեջ: Նա դատարանում պատմեց նրանց կատարած այլ հանցանքների մասին եւս: Արայիկ Նարիմանյանը, ըստ Աբրահամյանի, պրովոկատոր է, նա Սամվել Բաբայանի մտերիմներից ու զինակիցներից է եղել (աշխատել է ԼՂՀ ՆԳ-ում), վերջինիս հրամանով բազմաթիվ հանցագործություններ է կատարել, անգամ ԼՂՀ բանակի հրամանատարներից մեկին է ոչնչացրել՝ հեռակառավարմամբ պայթեցնելով, մահափորձ է կատարել Ռուսաստանի հայ բիզնեսմեններից մեկի՝ Յապոնչիկի մտերիմ Մուշեղի դեմ: Այս հայտարարությունները դատավոր Ներսիսյանն ընդհատեց, թե՝ դուք կարող եք պատասխանատվություն կրել սուտ մատնություն կատարելու համար:

Ապա ամբաստանյալն անցավ բուն դեպքին: Նա պատմեց, որ մայիս կամ հունիս ամիսներին Նարիմանյանն իրեն ասել է, թե Սամվել Բաբայանի մերձավորներից մեկի ասելով Ռ. Քոչարանն ու Ա. Ղուկասյանը Ս. Բաբայանին առաջարկել են ներում շնորհել՝ Հայաստանը եւ Ղարաբաղը լքելու պայմանով, ինչից վերջինս հրաժարվել է: Նարիմանյանին ասել են, որ Բաբայանին ազատելու միակ ձեւը իշխանափոխությունն է, որը տեղի կունենա, եթե Սերժ Սարգսյանը սպանվի: Աբրահամյանը պատմեց, որ իրեն առաջարկելով մասնակցել դավադրությանը՝ Նարիմանյանը հույս է ունեցել, որ ինքը նեղացած է Սերժից, ուստի կհամաձայնի:

Ինքը պատասխանել է, որ իրեն ոչ թե Սերժն է դատել, այլ դատարանը, իսկ 2002-ի հունիսին իրեն նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներում է շնորհել, եւ դրանում Ս.Սարգսյանի միջնորդությունը մեծ դեր է խաղացել: Նարիմանյանն իրեն խնդրել է՝ որպես նախկին օպերատիվ աշխատող իր համար «որեւէ կոմբիանցիա կամ լեգենդ հորինել», որ ներկայացնի համապատասխան անձանց (առաջարկն անողներին): Որոշ ժամանակ անց Նարիմանյանն իրեն ասել է, որ իր ընկերը նախկինում աշխատել է ուժային կառույցներում, հիմա ուզում է վերականգնվել եւ դա դասավորելու համար անհրաժեշտ է, որ ինքը մի լավ նվեր մատուցի Սերժ Սարգսյանին, իսկ դա կլինի նախապատրաստության փուլում Սերժի դեմ մահափորձը կանխելը:

Եվ ավելացրել է, որ եթե իր ընկերն աշխատանքի տեղավորվի ՊՆ-ում, ապա իրեն էլ կտեղավորի: Մի խոսքով՝ իսկը չեկիստին վայել մի խուճուճ պատմություն պատմեց Աբրահամյանը, որին կարելի էր հավատ ընծայել, եթե չլինեին տեսաձայնագրությունները, պայթուցիկ սարքերը եւ այլ ապացույցներ, որոնց մասին բացատրություններն անհամոզիչ էին: Նշենք, որ Լ.Աբրահամյանին հանցագործության նախապատրաստության համար առավելագույնը 7,5 տարի ազատազրկում է հասնում:

Արմինե Օհանյան

Նմանատիպ հոդվածներ

Loading...
loading...
Հասարակություն
loading...