News365.am

«Աշխատեք քննադատության մեջ անձնական վիրավորանքներ չօգտագործել»․ վարչապետը՝ լրատվամիջոցներին

«Աշխատեք քննադատության մեջ անձնական վիրավորանքներ չօգտագործել»․ վարչապետը՝ լրատվամիջոցներին
27 Դեկտեմբեր
09:00 2016

Վարչապետ Կարեն Կարապետյանն Ամանորի եւ Սուրբ Ծնունդի առթիվ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում այսօր տոնական ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:

Կառավարության ղեկավարը շնորհավորել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին գալիք Նոր տարվա եւ Սուրբ Ծնունդի առթիվ, մաղթել ջերմություն, խաղաղություն եւ սեր նրանց ընտանիքներին: «Հուսով եմ, որ դուք հնարավորություն կունենաք Նոր տարուն ձեր բարեկամներով, ձեր ընտանիքի անդամներով, ընկերներով հավաքվել, բազում լավ խոսքեր, բարեմաղթանքներ ասել, եւ բոլոր այդ բարեմաղթանքները կկատարվեն: Ցանկանում եմ, որ Նոր տարվա տոներից հետո բոլորդ աշխատանքի վերադառնաք լավատեսությամբ դեպի վաղվա օրը եւ անհանդուժողական ու լավ առումով ագրեսիվ ձեր աշխատանքի նկատմամբ՝ ձեր ֆունկցիաներն ու առաքելությունը կատարելու: Չեմ թաքցնում, որ մենք ակնկալում ենք ձեր կողմից եւ´ քննադատություն, եւ´ խորհուրդ, եւ´ առաջարկություն, բայց շատ շահագրգռված ենք, որպեսզի այդ ամենը լինի կառուցողական, կիրառական, առարկայական եւ մասնագիտական: Եվ խնդրանք՝ աշխատեք քննադատության մեջ անձնական վիրավորանքներ, պիտակներ չօգտագործել: Շնորհավորում եմ, լավ տարի եմ ցանկանում», - նշել է վարչապետը:

Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությունը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու եւ լուսաբանելու համար ԶԼՄ-ների մի շարք ներկայացուցիչների Կարեն Կարապետյանը պարգեւատրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշանվերով` ժամացույցով եւ խրախուսել է Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով:

Նմանատիպ հոդվածներ

Հասարակություն