News365.am

Հնա՞րք, թե՞ իրականություն

Հնա՞րք, թե՞ իրականություն
14 Դեկտեմբեր
10:25 2016
loading...

1in.am ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Լեռնային Ղարաբաղ կատարած այցի ընթացքում Ստեփանակերտում հանդիպելով Հայաստանից ժամանած մի քանի տասնյակ մշակութային գործիչների և մտավորականության ներկայացուցիչների հետ, Սերժ Սարգսյանը խոսելով ղարաբաղյան կարգավորման գործընթացի մասին ասել է, որ բանակցություններ ըստ էության չկան: Նա հայտարարել է նաև, որ և՛ զորքը, և՛ քաղաքացիները, և՛ ԼՂՀ բնակչությունը պետք է պատրաստ լինեն դժվար ժամանակների: Այս հայտարարությունն իհարկե արժանանում է երկակի ընկալման: Մի կողմից՝ կասկած չկա, որ Սերժ Սարգսյանը իրավացի է՝ մենք բոլորս պետք է պատրաստ լինենք դժվար ժամանակների, և այստեղ խնդիրը միայն պատերազմի պատրաստ լինելը չէ, պատերազմի վտանգը չէ: Վերջին հաշվով, այդ վտանգը կա, և հենց դա կանխելու և կանխարգելելու համար էլ բոլորս պետք է պատրաստ լինենք դժվար ժամանակների: Սա կասկածից վեր է:

Մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանը խոսում է զորքի, քաղաքացիների, ԼՂՀ բնակչության պատրաստ լինելու մասին, իսկ իշխանության մասին՝ լռում է: Մինչդեռ դժվար ժամանակներին առաջին հերթին պետք է պատրաստ լինի իշխանությունը: Ավելին, զորքն ու քաղաքացիները, հատկապես ապրիլյան պատերազմից հետո իրենք են հենց դրա մասին տարբեր առիթներով աղաղակում և ահազանգում, որ ապրիլյան պատերազմից հետո չեն արվում բավարար հետևություններ և չնայած կատարվում է մեծ աշխատանք, այնուհանդերձ կատարվում են նաև քայլեր՝ սկսած կառավարման ընթացիկ որոշումներից, մինչև կադրային նշանակումներ, որոնք մեղմ ասած՝ բացարձակապես չեն բխում ապրիլյան քառօրյա պատերազմի դառը դասից և չեն հանդիսանում հետևությունների ապացույց և վկայություն: Եվ սրա վառ , դժբախտաբար տագնապալի, ողբերգական, սակայն ցցուն դրսևորումն էին հուլիսյան զարգացումները և հասարակության արձագանքը դրանց, որը չէր լինի, եթե ապրիլյան պատերազմից երեք ամիս հետո իշխանությունն իրեն իսկապես պահած լիներ այնպես, որը ոչ մեկի մոտ կասկած իսկ չէր թողնի, որ հետևություններն արված են և իշխանությունն էլ քաղաքացիների և զորքի հետ միասին պատրաստ է դժվար ժամանակների: Այլապես, զորքի և քաղաքացիների համար դժվար ժամանակները ըստ էության եկել են արդեն երկու տասնամյակ ու չեն գնում, իսկ իշխանության համար դրանք այսպես էլ չեն գալիս:

Չգիտես ինչու ղարաբաղյան առաջին պատերազմի հաղթանակից հետո քաղաքացիներին և այն զորքին, որ ձևավորվում է առավելապես դժվարության մեջ ապրող ընտանիքների որդիներից, հայրերից և ամուսիններից, բաժին հասան միայն դժվարությունները, իսկ իշխանություններին՝ միայն կյանքի քաղցր պտուղները, նյութական բարիքները, հարմարավետությունը, դղյակները, թանկարժեք հանգստավայրերը, թանկարժեք առողջապահական ծառայությունները աշխարհի լավագույն կլինիկաներում, երբ դժվարություններին դիմագրավող զինվորները, նրանց ծնողները զրկված են անգամ տարրական համարվող բուժսպասարկումը լիարժեք ստանալու հնարավորությունից:

Երբ համադրում ենք այս ամենը, ստացվում է այն երկակի ընկալման իրականությունը, որի մասին խոսեցինք վերևում: Մի կողմից՝ մենք իսկապես այլ ելք չունենք, քան պատրաստ լինել դժվար ժամանակների, քանի որ մեր շուրջն իսկապես փոթորկվող աշխարհ է և մենք իրավունք չունենք թուլանալու, իրավունք չունենք մեր պետության ճակատագիրը մեր ամենօրյա հոգածության առարկա չդարձնելու, մյուս կողմից՝ սակայն մենք տեսնում ենք, որ այդ դժվարությունները միայն հասարակության գոտիները ձգելու համար են:

Եվ այստեղից մնում է անել մի հետևություն, եզրակացություն կամ պարզապես հռետորական մի հարցադրում՝ իսկ արդյո՞ք այդ դժվարությունների պատրաստ լինելու մասին հայտարարությունները ընդամենը նախընտրական հնարք չեն, խորհրդարանի ընտրություններից առաջ հասարակությանը հոգեբանական կապանքի մեջ պահելու, բարոյական մամլիչի տակ դնելու համար:

Հատկապես եթե հստակ է, թե որքան զգայուն է հասարակությունը պետականության ճակատագրի հանդեպ, մարտահրավերների հանդեպ, և որքան պատասխանատու ու բծախնդիր՝ ի տարբերություն իշխանական համակարգի: Այդ մեղմ ասած՝ մտավախությունը կարող է ցրել թերևս մի հանգամանք՝ երբ հասարակությունը հստակ, շոշափելի և համոզիչ կերպով կտեսնի, որ իշխանությունն ինքն էլ պատրասվում է դժվար ժամանակների, բայց ոչ թե հանրային բյուջեն օպտիմալացնելով (դա ինքնին պետք է լինի միշտ), այլ դժվարությունների պատրաստվելով անձնական-ընտանեկան շրջանակների էական ժուժկալության դրսևորումներով:

loading...

Նմանատիպ հոդվածներ

Loading...
loading...
Հասարակություն
loading...