News365.am

«Պետք է պատրաստ լինել իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի․ հակառակորդն ակտիվ է»

«Պետք է պատրաստ լինել իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի․ հակառակորդն ակտիվ է»
13 Դեկտեմբեր
09:45 2016

Ապրիլյան պատերազմից հետո տուժած Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում վերականգնողական աշխատանքներ են սկսվել: Աշխատանքներին ծանոթանալուց հետո օրերս Արցախից ՀՀ է վերադարձել քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը: Վերջինսarmtimes.com-ի հետ զրույցում կիսվել է իր տպավորություններով եւ նաեւ կանխատեսել, թե որքանով է մեծ նոր մարտական գործողությունների վերսկսման հավանականությունը:

- Պարոն Աբրահամյան, խնդրում ենք ներկայացնել, թե ինչ աշխատանքներ են իրականացվում Թալիշում, եւ արդյոք այդ աշխատանքներից հետո Թալիշն այնքան ամուր է լինելու, որ հնարավոր է լինելու այնտեղ ընտանիք, երեխաներ տանել:

- Ամուր ասվածը շատ հարաբերական է, համենայնդեպս այս պահին Թալիշում իրականացվող աշխատանքները թե՛ վերակառուցման և թե անվտանգության լրացուցիչ միջոցների ապահովման առումով ուղղված են առկա ռիսկերը նվազագույնին հասցնելուն:

- Ուղղակի ապրիլյան պատերազմից հետո ասվում էր, որ այդ գյուղը հայտնվել է հակառակորդի ուղիղ նշանառության տակ: Այսինքն եթե սահմանների իմաստով այս ընթացքում բան չի փոխվել, ապա ի՞նչ է փոխվել:

- Հակառակորդի ուղիղ նշանառության տակ հայտնվել է գյուղի միայն մի հատվածը, այդ թվում՝ դպրոցը: Գյուղում հասարակական նշանակության օբյեկտներ և առանձնատներ կառուցվելու են առավել անվտանգ հատվածում, որոնք ադրբեջանցիների ուղիղ նշանառության տակ չեն գտնվում: Բացի այդ, կառուցվելու են առանձնատներ՝ ապաստարաններով: Մեկ կարևոր հանգամանք ևս. եթե նույնիսկ հակառակորդը Թալիշի որոշ հատվածների նկատմամբ վերահսկողություն չունենար, մեկ է՝ Թալիշ գյուղը մինչ ապրիլյան գործողություններն էլ սահմանին բավականին մոտ էր գտնվում: Ու եթե Ադրբեջանն իր համար խնդիր դնի հայկական բնակավայրերը հրետանակոծի-հրթիռակոծի, շատ այլ բնակավայրեր ևս կարող են հայտնվել նրա թիրախում, այդ թվում՝ Տավուշի մարզի մի շարք համայնքներ, որոնք ի դեպ, նախորդ տարի հրետակոծվել են:

- Ըստ ձեզ արդյո՞ք ապրիլյան վայրագությունները տեսած թալիշեցիները կհամաձայնեն նորից այդ գյուղ վերադառնալ:

- Շատ դժվար է թալիշցու տեսանկյունից գնահատել իրավիճակը և կարծիք արտահայտել՝ հետդարձի որոշում կկայացնե՞ն, թե՞ ոչ, սակայն Թալիշում և առհասարակ Մարտակերտի շրջանում իսկապես լուրջ գործընթաց են սկսել՝ համայնքում և անվտանգության և սոցիալ-տնտեսական առումով բարեկեցիկ պայմաններ ապահովելու ուղղությամբ:

-Տեղեկություններ ունե՞ք, թե երբ է նախատեսվում վերականգնողական աշխատանքները ավարտել: Ե՞րբ հնարավոր կլինի վերաբնակեցնել Թալիշը:

- Ներկայումս գյուղում ենթակառուցվածքների վերականգնման պրոցեսներ են ընթանում, հողային աշխատանքներ, Թալիշը Մատաղիսին կապող երկրորդ ճանապարհի բարեկարգման, կահավորման աշխատանքները ավարտական փուլում են, համապատասխան աշխատանքներ են կատարվել հին ճանապարհն առավել անվտանգ դարձնելու ուղղությամբ: Գյուղի վերականգնման վերջնական ժամկետներ դժվարանում եմ նշել, սակայն նկատելի է, որ գործընթացները չափազանց արագ են զարգանում:

-Ի՞նչ իրավիճակ է սահմանին: Կարծես թե կրկին ակտիվություն է նկատվում հակառակորդի կողմից: Հնարավոր համարվո՞ւմ են նոր մարտական գործողությունները:

- Հակառակորդն իսկապես ակտիվ է և այդ ակտիվությունը միայն ինժեներական աշխատանքներով կամ դիպուկահարների աշխուժությամբ չի արտահայտվում: Շփման գծի տարբեր ուղղություններով անընդհատ զորքերի տեղաշարժեր են, փոքր մասշտաբի զորավարժություններ, կուտակումներ: Այս ամենն ինքնին նոր լարվածություն է ստեղծում: Երբ բացակայում են բանակցությունները՝ ավտոմատ կերպով աճում է մարտական գործողությունների վերսկսման հավանականությունը: Ամեն դեպքում Ադրբեջանում այդ ուղղությամբ լուրջ նախապատրաստական աշխատանքներ տեսանելի են:

- Դուք, փաստորեն, իրավիճակի սրում եք կանխատեսում: Ե՞րբ կարող է դա տեղի ունենալ, ըստ ձեզ եւ ինչի՞ է սպասում Ադրբեջանը:

- Ադրբեջանը վերադասավորումների փուլում է՝ պայմանավորված և տնտեսական, և քաղաքական և ռազմական գործոններով, բայց այն, որ Ադրբեջանն առաջնագծում լուրջ նախապատրաստական աշխատանքներ իրականացնում, հիմք է տալիս ասելու, որ հաջորդ տարի իրավիճակային նոր փոփոխություններ կարելի է սպասել:

- Այդ իմաստով որքանո՞վ է պատրաստ մեր բանակը:

- Երբ խոսում ենք հակառակորդի գործողությունների, տեղաշարժերի մասին, պետք է նկատի ունենալ, որ զինված ուժերը ևս համապատասխան ջանքեր է գործադրում ոչ միայն հակառակորդի շարժը իր տեսանելիության դաշտում պահելու, այլ հնարավոր լարվածությունը լիցքաթափելու ուղղությամբ: Վերջին 1-2 ամիսների ընթացքում դիվերսիոն գործողությունների մի քանի միջադեպեր են կանխվել: Դիվերսիոն գործողությունների փորձերը էականորեն նվազել են, ինչը պայմանավորված է շփման գծում դիտարկում իրականացնող հատուկ սարքավորումների տեղակայմամբ:

- Պարոն Աբրահայան, օրերս Արցախում պատասխանելով Երևանի տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի հարցին, թե ինչու է հատկապես հիմա որոշել այցելել Ղարաբաղ, Սերժ Սարգսյանը մասնավորապես պատասխանել է. «Դա ներքին պարտադրանք է, որովհետև հիմա այն ժամանակահատվածն է, երբ և՛ զորքը, և՛ բնակչությունը, և՛ ԼՂՀ քաղաքացիներն արդեն պատրաստ պետք է լինեն մի դժվարին ժամանակահատված անցկացնելու»: Ըստ ձեզ՝ ինչ է նշանակում դժվարին ժամանակահատված, ինչի՞ն է պատրաստում Սերժ Սարգսյանը:

- Ապրիլյան իրադարձություններից հետո բանակաշինության պրոցեսում նշաձողը բարձրացվել է. փոքր ռեսուրսներով պետք է մեծ խնդիրներ լուծել: Ու եթե հաշվի առնենք, որ ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը ոչ միայն իր նկրտումներում չի նահանջել, այլ հակառակը՝ ակնհայտորեն պատրաստվում է մարտական գործողությունների հաջորդ փուլին, ապա ժամանակները իսկապես բարդ են: Այս փուլում և բանակը, և հասարակությունը պետք է պատրաստ լինեն իրադարձությունների ցանկացած վայրիվերումներին, զարգացման բոլոր սցենարներին:

Նմանատիպ հոդվածներ

Հասարակություն