News365.am

Աբրահամյանը` ՀՀ ներքաղաքական կյանքի արբիտր

Աբրահամյանը` ՀՀ ներքաղաքական կյանքի արբիտր
12 Դեկտեմբեր
10:25 2016

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարցազրույցը, անշուշտ, վերջին օրերի հայաստանյան ներքաղաքական օրակարգի գլխավոր ինտրիգի մասնակի հանգուցալուծումն էր: Այն հստակ պատասխանն էր օդում շրջող գլխավոր հարցի` ինչպիսի քաղաքական ճակատագիր է սպասվում Հայաստանում թերևս ներքաղաքական ամենախոշոր կապիտալին տիրապետող գործչին:

Աբրահամյանը գրեթե բաց տեքստով ասաց, որ չի հրաժարվում խոշոր դերակատարի իր ֆունկցիայից, ավելին, իր մասնակի լռությունը նրա համար է, որ նոր խաղացողները ևս հնարավորություն ունենան կայանալու: Աբրահամյանը հստակ հասկացնում է` թեև նոր խաղացողները` Կարապետյանն ու իր թիմը, վերհասարակական կառույց են` զերծ հասարակության հետ ուղիղ կոնտակտից և ինտեգրված չեն հայկական հանրությանը, բայց ինքը թե ընկերական, թե կուսակցական հարթակներում օգնում է, որպեսզի նոր վարչապետը չձախողվի: Սա առնվազն նշանակում է, որ Աբրահամյանին այս փուլում հենց այդպիսի դեր է վերապահված` լինելով հմուտ, փորձառու քաղաքական խաղացող` վերահսկել կառավարման համակարգը` նոր կառավարության կողմիցչափից ավելի կիքսեր թույլ չտալու համար:

Աբրահամյանը ինքը շատ հանգիստ է իր քաղաքական ապագայի մասով, նույն հարցազրույցում շեշտում է, որ ոչինչ չի փոխվել իր և ՀՀԿ-ի, բնականաբար Սերժ Սարգսյանի փոխհարաբերություններում: Սա առնվազն նախագահ Սարգսյանի հետ փոխանցումով խաղի ակնարկ է, համատեղ կառավարման նուրբ կոմբինացիա: Եվ սա անգամ անզեն աչքով է նկատելի. անկախության շրջանի Հայաստանում որևէ կոնֆիգուրացիա չի մշակվել` առանց Հովիկ Արգամիչի ազդեցության հաշվարկման: Իսկ որ վերջին տարիներին նրա ազդեցությունը բազմապատկվել է, և այսօր նա շարունակում է լինել առանցքում, ակնհայտ է:

Փաստորեն, այս շրջափուլում Աբրահամյանը լինելու է ներքաղաքական կյանքի արբիտրը: Եթե հաշվի առնենք նաև Ծառուկյանի վերադարձը` այս հեռանկարը առավել առարկայական է դառնում, որովհետև, ինչպես միշտ, միայն բազմահմուտ Արգամիչի կոմբինացիաների շնորհիվ է հնարավոր զսպել բոլոր կողմերի ամբիցիաները և Սերժ Սարգսյանի և իր կուսակցության համար ապահովել հնարավորինս անցնցում վերարտադրություն:

Ի վերջո, նա միակ մարդն է, որ աշխատանքի բերումով և բնավորության համաձայն` շփվել է ու լավ հարաբերություններ ունի Հայաստանում գրեթե բոլոր շերտերում` գյուղապետից նախարարներ, կրպակավաճառից օլիգարխ և ընդհուպ մինչև արտաքին կապեր:

Տիգրան Բարսեղյան

Նմանատիպ հոդվածներ

Հասարակություն