News365.am

Հատուկ օպերացիա՝ հայկական ձևով․ ինչպես Լոնդոնում սպանվեցին Ադրբեջանին զենք մատակարարող չեչենները

Հատուկ օպերացիա՝ հայկական ձևով․ ինչպես Լոնդոնում սպանվեցին Ադրբեջանին զենք մատակարարող չեչենները
18 Նոյեմբեր
14:48 2016

1993 թ․ փետրվարի վերջին Լոնդոնում սպանվեցին չեչեն բարձրաստիճան պաշտոնյա, Չեչնիայի ինքնահռչակ անկախ հանրապետության նախագահ Ջոխար Դուդաևի օգնական Ռուսլան Ուցիևը և նրա 20-ամյա եղբայրը։ Ինչպես շուտով պարզվեց, սպանությանն ուղղակի կամ անուղղակի առնչություն ունեին Հայաստանի Ազգային անվտանգության վարչության աշխատակիցները։

PanARMENIAN.Net - Հիմնական վարկածի համաձայն՝ Ուցիևները սպանվել էին նրանց կողմից Ադրբեջանի համար նախատեսված մեծաքանակ հրթիռների գնման գործարքը կանխելու համար։

PAN-ն ուսումնասիրել է այդ տարիներին միջազգային և սփյուռքի հայկական մամուլում սպանության գործի վերաբերյալ կատարված հրապարակումները և դրանց հիման վրա ներկայացնում է մեծ հնչեղություն ստացած գործի բոլոր հանգամանքները։

Պաշտոնական Գրոզնիի տվյալներով՝ Ռուսլան Ուցիևը Լոնդոն էր գործուղվել 1992 թ․ աշնանը Իչկերիայի Չեչենական Հանրապետության նախագահ Ջոխար Դուդաևի հանձնարարությամբ՝ ինքնահռչակ հանրապետության համար անձնագրեր պատրաստելու և թղթադրամներ տպելու գործը կազմակերպելու նպատակով։ Իրականում նրա գործնական խնդիրների ցանկը Լոնդոնում շատ ավելի լայն էր։ Ինչպես այն ժամանակ աղմկոտ գործի առնչությամբ մամուլին հայտնել էր Սքոթլանդ Յարդի (Լոնդոնի ոստիկանություն) պատասխանատու պաշտոնյաներից մեկը, Ռուսլան Ուցիևը բանակցություններ էր վարել գերմանական Stinnes AG ընկերության հետ չեչենական նավթը համաշխարհային գներով արագ վաճառելու նպատակով (նախքան այդ չեչենական նավթամթերքի մեծ խմբաքանակներ վաճառվել էին համաշխարհայինից զգալիորեն ցածր՝ դեմպինգային գներով, իսկ ստացված հսկայական եկամուտները տնօրինում էր երկրի վարչապետը)։ Բացի այդ, Ուցիևը հանդիպել էր ամերիկացի մի գործարարի հետ (որն ըստ անգլիական հատուկ ծառայությունների տվյալների կապված էր ամերիկյան հանցավոր շրջանակների հետ) և պայմանավորվածություն ձեռք բերել Չեչնիայի նավթավերամշակման գործարանների արդիականացման համար 173 միլիոն ֆունտ ստերլինգ ($263 միլիոն) վարկի ստացման համար։

Ռուսլան Ուցիևն Անգլիայում իրեն որպես Չեչնիայի վարչապետ էր ներկայացնում, թեև իրականում Դուդաևի գլխավորած բարձրագույն նախագահական խորհրդի փոխնախագահն էր, ինչպես նաև արտաքին տնտեսական կապերով նրա ներկայացուցիչը։ Նրա եղբայրը՝ 20-ամյա Նազարբեկը, մարտարվեստների մարզիկ էր և Ռուսլանի «ուժային» օգնականը, թեև ըստ պաշտոնական Գրոզնիի եղբոր հետ մեկնել էր անգլերեն սովորելու համար։ Ռուսլան Ուցիևը, ինչպես հաճախ է լինում նման դեպքերում, նաև քրեական հեղինակություն էր և Լոնդոնում սկսեց ցոփ ու շվայտ կյանք վարել՝ հաճախակի այցելում էր խաղատներ, թանկ ռեստորաններ, օգտվում էր «էլիտար» մարմնավաճառների ծառայություններից (ամսական 45 հազար դոլար վճարելով) և այլն։ Անգլիա ժամանելուն պես Չեչնիայի «վարչապետը» 700 հազար (այլ տվյալներով՝ 1 միլիոն) ֆունտ ստերլինգ կանխիկ վճարելով՝ երկհարկ շքեղ բնակարան գնեց կենտրոնական Լոնդոնի Բեյքեր փողոցում՝ լեգենդար Շերլոք Հոլմսի նշանավոր բնակարանի հասցեին (221B Baker Street) շատ մոտ։

Անգլիայում հիմնավորվելուց հետո Ռուսլան Ուցիևն աշխատանքի ընդունեց 1988 թվականից Լոնդոնում բնակվող և նախքան այդ որպես լողավազանի հսկիչ աշխատող Գագիկ Տեր-Հովհաննիսյանին՝ որպես երկու եղբայրների թարգմանիչ, գիդ և խորհրդական։ Հենց հայ խորհրդականի օգնությամբ էլ Ուցիևները գնել էին Բեյքեր փողոցի թանկարժեք բնակարանը։ Ռուսլան Ուցիևը Գագիկ Տեր-Հովհաննիսյանի հետ ծանոթացել էր վերջինիս կնոջ՝ BBC-ի ռուսական ծառայության աշխատակից Էլիսոն Պոնտինգի միջոցով, որը կարճ ժամանակ առաջ Գրոզնիում հարցազրույց էր վերցրել չեչեն պաշտոնյայից։

Նմանատիպ հոդվածներ

Հասարակություն